Երեւանի քաղաքապետարանի ապօրինի որոշումները ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համար այլեւս որեւէ նշանակություն չունեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը` մեկնաբանելով ընդդիմության առաջիկա հանրահավաքների իրազեկումների` Երեւանի քաղաքապետարանի կողմից մերժվելու փաստը:
«Ապրիլի 8-ին մենք կհավաքվենք Մատենադարանի մերձակա հրապարակում եւ քաղաքական որոշում կկայացնենք»,- առաջիկա անելիքների մասին ասաց Մուսինյանը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Երեւանի քաղաքապետարանը մերժել է ապրիլի 8-ին, 14-ին, 15-ին եւ 16-ին Ազատության հրապարակում հանրահավաք եւ երթ անցկացնելու մասին Հայ ազգային կոնգրեսի իրազեկումները` առաջարկելով Մատենադարանի տարածքը: Վերջին երեք տարվա ընթացքում ՀԱԿ-ին միայն մեկ անգամ` այս տարվա մարտի 17-ին է հաջողվել մուտք գործել Ազատության հրապարակ եւ հանրահավաք անել:





























