Սինգապուրի տարբեր գերատեսչությունների ղեկավարների, մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպելու, ինչպես նաեւ Սինգապուրի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օծման 175-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով մարտի 24-29-ին այդ երկրում էր գտնվում Սինգապուրում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին):

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում դեսպան Սարգսյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Յեոի հետ: Քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարբեր մակարդակներում պաշտոնական փոխայցելություններին, գործարար շրջանակների միջեւ համագործակցության հաստատմանն ու հետագա զարգացմանը նվիրված հարցեր:

Նախարար Ջորջ Յեոն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցելու հայ-սինգապուրյան կապերի ակտիվացման գործընթացին:

Միաժամանակ նա բարձր է գնահատել հայ համայնքի դերը Սինգապուրի տնտեսական, հասարակական եւ մշակութային կյանքում:

Դեսպանի հրավերով Սինգապուրի ԱԳ նախարարը մարտի 27-ին ներկա է գտնվել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված սուրբ պատարագին եւ մասնակցել է դրան հաջորդած միջոցառմանը, ուր հանդես է եկել ողջույնի խոսքով:

Եկեղեցու օծման 175 ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սբ. Էջմիածնի հատուկ ներկայացուցիչ Ոսկան արքեպիսկոպոս Կալպակյանը, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը:

Ներկա էին աշխարհի 14 երկրներից ժամանած ավելի քան 160 հայեր, ինչպես նաեւ Սինգապուրում գործող այլ եկեղեցիների հոգեւորականներ, երկրի հասարակայնության ներկայացուցիչներ: