«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, ղարաբաղյան պատերազմի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մամուլի ասուլիսում հրապարակել է Հայաստանում իշխանափոխության գործողությունների ծրագիրը:

Համառոտ ներկայացնելով տարածաշրջանային գործընթացների եւ Հայաստանի վրա դրանց ազդեցության իր վերլուծությունը` Սեֆիլյանը ծանոթացրել է ներկաներին իրավիճակից դուրս գալու տեսլականը: Ընդգծելով Հայ ազգային կոնգրեսի իշխանությունների հետ համաձայնողական քաղաքականության անընդունելիությունը` Սեֆիլյանը հիշեցրել է, որ տվյալ փուլում քաղաքական ուժերը պետք է հրաժարվեն միավորվելու կոչերից, այլ չձգտեն միավորել ժողովրդին: «Կուսակցություններն ու քաղաքական գործիչները պետք է դադարեցնեն իրար վրա կեղտ նետել»,- ասել է Սեֆիլյանը` հավելելով, որ ով շարունակում է այս ոգով, պատվեր է կատարում:

Ըստ Սեֆիլյանի` հարկավոր է արձանագրություն, ծրագիր, քայլերի շարք մշակել: «Բռնապետի հրաժարականից հետո սկսվելու է անցումային փուլը, ժամանակավոր կառավարություն է կազմվելու ժողովրդի  մեջ հեղինակություն վայելող գործիչներից: Ժամանակավոր կառավարությունն իր հերթին պետք է մթնոլորտ ստեղծի ազատ եւ թափանցիկ ընտրությունների համար: Այլապես հաղթող կլինի միայն Սերժ Սարգսյանը: Այսօր հենց նա է գլխավոր խաղացողը»,- նշել է Սեֆիլյանը:

Նա քննադատել է նաեւ արտահերթ ընտրությունների կոչը, քանի որ նման ընտրությունների դեպքում առավել պատրաստված է մնում իշխանությունը:

Նա կոչ է արել ընդդիմության փոխել կարգախոսները: Մասնավորապես դա վերաբերում է  «Լեւոն-նախագահ» կարգախոսին, որի պատճառով շատ քաղաքացիներ չեն ցանկանում միավորվել ընդդիմության հետ: Սեֆիլյանը նշել է, թե դեմ է բռնություններին, ամեն ինչ կարող է արվել քաղաքացիական անհնազանդության միջոցով: Սեֆիլյանը նաեւ սպառնացել է, որ ձեւավորման փուլում գտնվող իրենց շարժումը մի օր կանցնի ծրագրի իրականացմանը. «Մենք կանենք մի անգամ, բայց հաստատ»: