Հրազդանում մարտի 31-ին բողոքի գործողություն տեղի կունենա երկաթաքարի հանքավայրի շահագործման դեմ:

Հանքավայրը, որը պատրաստվում է շահագործել չինական Fortune Oil ընկերությունը, գտնվում է Հրազդան քաղաքից 800 մետր եւ Հրազդան գետից 1,5 կմ հեռավորության վրա: Ինչպես բազմիցս նշել են փորձագետները, հանքավայրը կարող է քաղաքի` ծանր մետաղներով աղտոտման եւ տեղի բնակչության մոտ վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

«Էկոլուրի» փոխանցմամբ, հատկապես հարվածի տակ կհայտնվեն երեխաները, քանի որ հանքավայրից առնվազն 2 կմ հեռավորության վրա է գտնվում 3 դպրոց: Ջենիֆեր Լայմի փորձագիտական գնահատականի համաձայն («AUA» հայկական էկոլոգիական կենտրոն), հանքավայրի շահագործման հետեւանքով ծանր մետաղներով կաղտոտվի ոչ միայն ոռոգման, այլեւ խմելու ջուրը, քանի որ բլուրի մոտ, որտեղ գտնվում է հանքավայրը, կան մի քանի աղբյուրներ, որից օգտվում են հարյուրավոր բնակիչներ:

Հրազդանի հանքավայրում հանքաքարի արդյունահանումը կսկսվի 2014 թվականին եւ կհասնի տարեկան 1,5-2 մլն տոննայի:

Հետաքրքիր է, որ բոլոր երեք հանքերը, որը պատրաստվում է շահագործել Fortune Oil-ը (Հրազդանում, Աբովյանում եւ Սվարանց գյուղում), պատկանում են ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդի Սուրեն Այվազյանին եւ ՀՀ խորհրդարանի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: