«Ավարտվել է մեր պայքարի առաջին փուլը, սակայն այն շարունակվում է, եւ մենք կրկին հրապարակ եւ այլ ամբիոններ կվերադառնանք, որպեսզի գնահատական տանք հանրապետությունում ստեղծված իրավիճակին, իշխանությունների գործունեությանն ու ընդդիմության ներսում առկա իրավիճակին»,- այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը` մարտի 30-ին Ազատության հրապարակում` իր 15-օրյա հացադուլի դադարեցման մասին հայտարարելուց հետո: Նա իր խոսքի վերջում շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր բարոյապես զորակցել են իրեն այս ծանր օրերին:
Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնելով հացադուլը, իր ելույթն սկսել է Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման գաղափարախոս, փիլիսոփա Մահաթմա Գանդիին մեջբերելով. «Սկզբում քեզ արհամարհում են, հետո քո վրա ծիծաղում են, հետո քո դեմ պայքարում եմ, հետո դու հաղթում ես»,- ասել է Հովհաննիսյանը, հավելելով, որ վերջին օրերին տեղի ունեցած բանավեճերից, զորակցության այցերից, պարզ դարձավ, որ ժողովուրդը պահանջում է իշխանությունը վերադարձնել իրեն: Ըստ նրա, ժողովուրդը պահանջում է վերջ տալ կուսակցապետությանը, որ հաստատվում է կոալիցիոն նոր հուշագրով, վերջ տալ կոռուպցիային: Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության, այդ առումով ժողովրդի պահանջի դրսեւորման, հայ-թուրքական արձանագրություններից ստորագրությունների հետկանչի անհրաժեշտության մասին:
«Այդ ամենն արդեն օրակարգում է, եւ անհրաժեշտ է, որ առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում այն, ինչ որ մեկնարկել է, գտնի իր շարունակությունը: Ես ուժեղացած եմ, օրհնված եմ, զորակցված, այս, թեկուզ մի քայլ գիտակցմամբ, ոգու մի աստիճան բարձրացմամբ, բայց գործը տակավին արված չէ»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդը խոսելով հացադուլից դուրս գալու իր որոշման մասին ասել է, որ որ բժիշկներն արդեն սկսել էին ահազանգել իր առողջական խնդիրների մասին: «Այդ ամենին սակայն ավելանում է մի ընտանեկան, անձնական պահ, որն ուզում եմ ձեզ հետ կիսել»,- ասել է նա ու հավելել, որ վաղը լրանում է իր դստեր` Շուշիի 18-ամյակը:
«Մենք միասին դարձյալ պետք է վերադառնանք հրապարակ, եւ ամբիոններ: Պետք է վերադառնանք եւ շարունակենք միասին: Այդ պայքարի մեջ չի լինելու առաջամարտիկ կամ հետնապահ, չի լինելու ընդգծված լիդեր, չի լինելու թիկունքային անտեսված քաղաքացի», հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդի խոսքից հետո քահանան կարդաց «Հայր մեր» տերունական աղոթքը`օրհնելով հացադուլի դադարեցման որոշումը: Քահանա Գրիգորյանը նշել է. «Հովհաննիսյանն իրագործեց Քրիստոսի պատվիրաններից մեկը, համաձայն որի չկա ավելի մեծ զոհաբերություն, քան սեփական կյանքը եւ առողջությունը հանուն մերձավորների զոհելը»:
Նշենք, որ Ազատության հրապարակում մի քանի հարյուր մարդ է ներկա, նրանցից մի քանիսն իրենց ձեռքում կրում են պաստառներ, որոնց վրա մակագրված են տարբեր պահանջներ:
Դիտեք ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺԸ:




























