Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը մարտի 30-ին ինտենսիվ կրակ են բացել Միսրատա քաղաքի վրա, այնտեղ 20 մարդ է զոհվել, հաղորդում է France-Press գործակալությունը` վկայակոչելով քաղաքային հոսպիտալը:
Միսրատայի համար դաժան մարտերն ընթանում են արդեն 10 օրից ավելի, թեեւ մարտի 28-ին Լիբիայի ԱԳՆ-ն հայտարարել էր Միսրատայի գնդակոծումը դադարեցնելու մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 140 մարդ, 1,4 հազարը վնասվածքներ են ստացել, հաղորդում են «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր առավոտյան քաղաքը կրկին դարձել է Քադաֆիի ուժերի թիրախ»,- ասել է քաղաքի բնակիչներից մեկը:
Միսրատան Լիբիայի երրորդ մեծ քաղաքն է եւ, փորձագետների կարծիքով, առայժմ ո’չ կառավարական ուժերը, ո’չ ապստամբները չեն կարողանում այն վերցնել լիակատար վերահսկողության տակ:





























