Եվրամիությունը պետք է վճռականորեն օգտագործի իր իշխանությունը, որպեսզի համալիր լուծի բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ բախվում են Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը` անկախություն ստանալուց 20 տարի անց: Այդ մասին հայտարարել են Բրյուսելի Եվրոպական քաղաքական կենտրոնի (EPC) եւ Լոնդոնի LINKS վերլուծական կենտրոնի աշխատակիցները` Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ զեկույցում:
Ելույթ ունենալով քաղաքական բանավեճերում` LINKS-ի գործադիր տնօրեն Դեննիս Սամմութը հայտարարել է, թե տարածաշրջանում կայունության աջակցության քաղաքականությունը վերջին երկու տասմանյակում անհրաժեշտ է եղել: Չնայած նրան, որ անկայունության որոշ արմատական պատճառներ վերացվել են, գոյություն ունի վտանգ, որ տարածաշրջանը կբախվի պատերազմի եւ ցնցումների հետ:
Սամմութը խորհուրդ է տվել Եվրամիությանը դիվանագիտական ջանքեր գործադրել Հարավային Կովկասում անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողովի մեկնարկի համար, որպեսզի հասնեն Հարավային Կովկասում անվտանգության եւ համագործակցության Համաձայնագրի կնքմանը մինչեւ 2014թ.: Այդ գործընթացը, նրա կարծիքով, պետք է բազմակողմ մոտեցում ունենա ԵԱՀԿ-ի օրինակով, եւ գործի այդ կազմակերպության շրջանակներում:
Տվյալ նախաձեռնությունը պետք է համընդգրկուն լինի եւ կյանքի կոչվի շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, այդ թվում չճանաչված կամ մասամբ ճանաչված սուբյեկտների, ինչպիսիք են Աբխազիան, Հարավային Օսեթիան եւ Լեռնային Ղարաբաղը, նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հատկապես նրանց, ովքեր ներկայացնում են տեղահանված անձանց եւ փախստականների շահերը:
Վերլուծաբանն ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է փոխգործակցության մեխանիզմ գտնի չճանաչված սուբյեկտների հետ հարաբերվելու համար` միաժամանակ զերծ մնալով պաշտոնապես ճանաչելուց: ԵՄ-ն պետք է նաեւ դնի հարյուր հազարավոր փախստականների եւ հարկադիր տեղահանվածների վերադարձման հարցը:
Ըստ Սամմութի, ԵՄ-ի համար մեծ խնդիր է Ռուսաստանի Կովկասում առկա խնդիրների լուծման գործում գործընկեր դարձնելու հարցը: Դա հնարավոր է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսություն սկսելու միջոցով: Նա նաեւ կոչ է արել ԵՄ-ին թափանցիկ քաղաքականություն վարել Հարավային Կովկասի երկրների նկատմամբ: Թափանցիկության բացակայությունը լրջորեն ազդում է տարածաշրջանում խաղաղ գործընթացների վրա, հաշվետվության բացակայության հիմնական պատճառներից է եւ ժողովրդավարության ճանապարհին գլխավոր խոչընդոտը:
Բրյուսելում ներկայացվել է «Հարավային Կովկասում անվտանգության ասպեկտներ. Փաստարկներ հօգուտ համընդգրկուն, բազմակողմ եւ համալիր մոտեցման» զեկույցը, որի համահեղինակներն են LINKS-ի տնօրեն Դեննիս Սամմութն ու ЕРС-ի վերլուծաբան Ամանդա Փոլը:





























