Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյին երկրի եւ տարածաշրջանի հանդեպ Շվեյցարիայի  չեզոք ու անկողմնակալ դիրքորոշման համար:

Երեւանում համատեղ մամուլի ասուլիսում նախագահ Սարգսյանն ընդգծել է, թե երկու ժողովուրդներին դարավոր պատմությունն է կապում: «1897թ. Շվեյցարիայի կառավարությունն առաջիններից մեկը դատապարտեց 1894-1896թթ. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը` որպես մարդկության դեմ ոճրագործություն»,- ասել է Սարգսյանը:

«Հայաստանի անկախացումից ի վեր մեր առնչությունները ձեռք են բերել նոր որակ: Հայկական կողմը ողջունեց Երեւանում Շվեյցարիայի ներկայացուցչություն-գրասենյակը լիակատար դեսպանության մակարդակի բարձրացնելու որոշումը, որը մեր երկկողմ համագործակցությունն ընդլայնելու բացառիկ հնարավորություններ է ստեղծում եւ արտացոլում մեր կապերի իրական մակարդակը»,- ասել է Սարգսյանը:

Նախագահը նշել է, թե զրույցի ընթացքում երկուստեք նաեւ վերահաստատվել է տնտեսական համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: «Մենք շահագրգիռ ենք հայ-շվեյցարական տնտեսական ծրագրերը զարգացնելու, դեպի Հայաստան շվեյցարական ներդրումները խրախուսելու հարցում` հաշվի առնելով գործակցության առկա դրական փորձը: Որպես այդ համագործակցության հաջողված օրինակ կարող եմ նշել շվեյցարական ընկերությունների մասնակցությունը Ծաղկաձորի, Ջերմուկի եւ Տաթեւի զարգացման ծրագրերում, որոնք ուղղված են հայաստանյան այս բնակավայրերի զբոսաշրջության ներուժի հնարավորին բացահայտմանը»,- նշել է Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Շվեյցարիայում կայանալիք Գրքի 25-րդ միջազգային ցուցահանդեսում Հայաստանը մասնակցելու է պատվավոր հյուրի կարգավիճակով. «Ես էլ սիրով հրավիրեցի շվեյցարական կողմին, մասնավորապես, տիկին նախագահին` մասնակցելու 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երեւանում կայանալիք միջոցառումներին»:

Սերժ Սարգսյանը շնորհկալություն է հայտնել շվեյցարացի գործընկերոջը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հաստատման գործում անգնահատելի միջնորդական առաքելության ու ներդրած ջանքերի համար: «Ափսոսանքով նշեցի, որ Թուրքիան խուսափում է իր ստանձնած պարտավորությունների կատարումից եւ նման գործելաոճով արժեզրկում թե՛ մեր նախաձեռնությունը, եւ թե՛ գործընթացում ներգրավված կողմերի ջանքերը»,- ասել է նա: