Մենք աջակցում ենք կառավարության ջանքերին։ Կշարունակենք ներդրումներ անել, եւ հակակոռուպցիոն պայքարն այս իմաստով կարեւոր նշանակություն ունի։ Այս մասին «Կորպորասիոն Ամերիկա»-ի միջազգային համապատասխանությունը եւ հակակոռուպցիոն համաժողով -2019» համաժողովում սեպտեմբերի 24-ին ասել է «Միջազգային օդանավակայաններ – Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն։
Վերդեն ներկայացրել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության 17 տարվա գործունեությունը Հայաստանում։
«2001 թվականին Հայաստանի կառավարությունը Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության հետ ստորագրել է համաձայնագիր «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարման մասին։ 2011-ին նոր օդանավակայանի շինարարությունն ավարտվեց»,- նշել է տնօրենը։
Նա հիշեցրել է, որ Էռնեկյանի ընկերությունը գնել է նաեւ 2300 հա հող Արմավիրի մարզում կոնյակի արտադրության համար, հետո հիմնվել է գինու արտադրություն։
«Մեր նպատակն է գինու արտադրությունը հասցնել 3 մլն շշի, ինչը կնպաստի նաեւ նոր աշխատատեղերի բացմանը»,- ընդգծել է տնօրենը։
Մարսելո Վենդեն հիշատակել է նաեւ «Կոնվերս բանկի» 35 եւ «Հայփոստի» 550 մասնաճյուղերի գործունեության, ինչպես նաեւ Հայաստանում ու Ղարաբաղում սոցիալական եւ կրթական ծրագրերի իրականացման մասին։
«Միջազգային օդանավակայաններ – Հայաստան» ընկերության ներքին վերահսկողության տնօրեն Գուստավո Նիկողոսյանն, իր հերթին, ասել է, որ շատ կարեւոր է ստեղծել միասնական հարթակ քննարկումների եւ փորձի փոխանակման համար կոռուպցիայի դեմ պայքարի եւ արդյունավետ կառավարման ոլորտներում՝ հենվելով նաեւ մասնավոր ընկերությունների փորձի վրա։
Նշենք, որ միջոցառմանը մասնակցում է ավելի քան 120 ներկայացուցիչ Արգենտինայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից, Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Հայաստանից։



























