Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցություն է եղել նաեւ նախորդ իշխանությունների օրոք: Սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ««Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության ներքին վերահսկողության տնօրեն Գուստավո Նիկողոսյանը:
Նրա խոսքով՝ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության համար կարեւոր է համագործակցության համար Հայաստանի կառավարության բաց լինելը:
«Մեզ համար կոռուպցիայի դեմ պայքարն անընդհատ գործընթաց է: Մարդկանց վարքագծում նման մշակութային փոփոխությունները կարելի է գրանցել միայն երկարաժամկետ հեռանկարում: Աշխարհի երկրների 70 տոկոսը կոռուպցիայի ավելի բարձր մակարդակ ունի, քան Հայաստանը, սա գլոբալ խնդիր է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ 2001 թվականին Հայաստանի կառավարությունը Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել 30 տարով «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարման մասին, իսկ ավելի ուշ նույնպիսի պայմանագիր է ստորագրվել նաեւ «Շիրակ» օդանավակայանի վերաբերյալ: Այսօրվա դրությամբ 2 օդանավակայանների արդիականացման մեջ ներդրումների ծավալը կազմում է 160 մլն դոլարից ավելի:



























