ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է «Արփա-Սեւան» ջրատար՝ ծանոթանալու շինարարական աշխատանքներին: Նախարարը մուտք է գործել ջրատար  առավոտյան ժամը 10:00-ից 2-րդ թունելով՝ Եղեգիսի շինարարական բազայից եւ նախատեսում է անցնել թունելի շուրջ 30 կմ ճանապարհը: Շրջայցը կտեւի 6-7 ժամ:

18-րդ կիլոմետրի վրա իրականացված շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականից՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ եւ միջոցներով: Կատարվել են թունելի հատակի նորոգման, երեսարկների հիմնանորոգման աշխատանքներ: Քայլեր են կատարվում նաեւ կոմունիկացիան ապահովելու համար. կառուցվում են նեղդիր գծեր էլեկտրաքարշակների կիրառման համար, անցկացվում է լուսավորության համակարգ: Այս փուլի շինարարական աշխատանքներն ավարտվել են սեպտեմբերի 20-ին:

Արփա-Սեւան թունելի գործարկումն ամեն տարի սկսվում է ապրիլի 1-ից եւ շարունակվում մինչեւ  սեպտեմբերի 1-ը: Տարվա մյուս ամիսներին այնտեղ իրականանում են վերանորոգման աշխատանքներ: Կատարված շինարարական աշխատանքների շնորհիվ այս տարի թունելով ջրի թողունակությունը կազմել է 19 մ³/վրկ: Մինչ այս գրանցված ամենաբարձր ցուցանիշը եղել է 14 մ³/վրկ: