Ամերիկացի զինվորականներին նախազգուշացրել են «Ջոքեր» ֆիլմի ցուցադրությունների ժամանակ զանգվածային գնդակահարությունների հնարավորության մասին, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով լրատվամիջոցներին:

Բանակի ղեկավարության սեպտեմբերի 18-ի գրառման մեջ զինվորներին հանձնարարվել է «որոշել տարհանման ճանապարհները» եւ հրաձգության դեպքում «վազել, թաքնվել, պայքարել»:

Բանակի ղեկավարությունը նախազգուշացումը թողարկել է ի պատասխան համացանցում հայտնված տեղեկությունների, այսպես կոչված, «ինցելերի» (incel) մասին. «ոչ կամավոր ինքնազսպվող» երիտասարդ տղամարդիկ, որոնք չեն կարողանում զուգընկեր գտնել, նույնիսկ եթե դա ցանկանում են:

Էլիոթ Ռոջերը, որը 2014 թվականին Սանտա Բարբարայի համալսարանում 6 մարդու էր սպանել, նույնականացվել է որպես «ինցել»: 2012 թվականին Կոլորադո նահանգում «Ավրորա» կինոթատրոնում «Սեւ ասպետի» ցուցադրության ժամանակ կրակոցներ արձակած Ջեյմս Հոլմսը 2012 թվականին դարձել է incel հանրույթի հերոսը:

«Ինցելերը» «աստվածացնում են Ջոքերի հերոսին՝ հիանալով մարդու կերպարով, որը պետք է երջանիկ ձեւանա, բայց վերջնարդյունքում պայքարում է հալածանքի դեմ»: