Մենք ցանկանում ենք բարձրացնել նվազագույն աշխատավարձը, որը չի բարձրացել մի քանի տարի շարունակ: Այս մասին այսօր ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Ինչպես նշեց պատգամավորը, հիմնավորումը հիմնված է Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված միջին ընթացիկ գների նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի վրա: Պատգամավորի գնահատմամբ՝ այն կազմում է 63 550 դրամ:
Նշենք, որ համաձայն ՊԵԿ ներկայացրած զեկույցի՝ 2019-ի մարտի դրությամբ հանրապետությունում հաստիքային աշխատողների թիվը, որոնք մինչեւ 81 820 դրամ (ներառյալ հարկերը) աշխատավարձ են ստացել, չի գերազանցում 45 000-ը, այդ թվից 8400-ը պետական ապարատի, 6000-ը հասարակական ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատողներ են: Նախագծի ընդունման արդյունքում տվյալ քաղաքացիների աշխատավարձը կբարձրանա միջինում 6270 դրամով: Ընդ որում, դրա համար կպահանջվի պետբյուջեից մոտ 840 մլն դրամ եւ 392 մլն դրամ՝ համայնքների բյուջեից: Ընդհանուր առմամբ, այդ նախաձեռնության իրականացման համար պետբյուջեից եւ մասնավոր սեկտորից ստիպված կլինեն շուրջ 3,46 մլրդ դրամ տրամադրել:
Իր հերթին, «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հստակեցրեց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը թույլ կտա լուծել սոցիալական մի շարք խնդիրներ: Պատգամավորի կարծիքով՝ դրա հետ մեկտեղ կբարձրանա նաեւ միջին աշխատավարձը, եւ քաղաքացիները, որոնք նվազագույն աշխատավարձ են ստանում, առավել գնորդունակ կդառնան, ինչը կհանգեցնի պահանջարկի մեծացմանը, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի շուկայում առաջարկների մեծացմանը: Բացի այդ, մասնավոր եւ պետական սեկտորների միջեւ վարձատրության տարբերությունը կնվազեցվի, իսկ ավելի շատ վարձատրելու պատրաստակամության դեպքում գործատուն կկարողանա առավել որակյալ մասնագետների վարձել: Ինչպես նաեւ, գործատուների միջեւ մրցակցություն կձեւավորվի՝ որակյալ անձնակազմ եւ պրոֆեսիոնալ կադրեր ընտրելու հարցում: Եվ մրցակցությունը փաստացի կնպաստի աշխատավարձի հետագա բարձրացմանը:
Պատգամավորները վստահ են, որ նվազագույն աշխատավարձը մի քանի տարվա ընթացքում պետք է աստիճանաբար բարձրանա եւ հասնի ամսական 150 000 դրամ ցուցանիշին, քանի որ դա կխթանի մոտիվացիան եւ իրենց աշխատանքի նկատմամբ քաղաքացիների պատասխանատվությունը:
Նշենք, որ Աշխատանքի նախարարության տվյալների համաձայն՝ մասնավոր սեկտորում 45 000 մարդ եւ պետական սեկտորում 35 000 մարդ 55 000 դրամի չափով նվազագույն աշխատավարձ է ստանում: Կառավարությունը կարծում է, որ նվազագույն աշխատավարձը պետք է հասնի 68 000 դրամի՝ այդպիսով բարձրանալով 23,6%-ով:



























