ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը ողջունել է առաքելության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ հանդիպումը լավ առիթ է ամփոփելու այցի արդյունքները եւ պատասխանելու մասնագետներին հուզող հարցերին։

Աթանասիոս Արվանիտիսը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդպիման համար եւ առաջարկել քննարկել կառուցվածքային բարեփոխումների առաջընթացը։

ԱՄՀ պատվիրակության խնդրանքով, Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսությունում գրանցված ցուցանիշները, առաջիկա տնտեսական ցուցանիշների կանխատեսումները։ Նախարարն օպերատիվ տվյալներ է ներկայացրել նաեւ ԱՄՀ ներկայացուցիչներին հետաքրքրող առանձին ոլորտների վերաբերյալ։ Տեղեկատվություն է ներկայացվել նաեւ մշակող արդյունաբերության ընթացիկ ցուցանիշների եւ առաջընթացի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել տնտեսությունում մարդկային կապիտալի, կարողությունների զարգացման, մրցունակության եւ արտադրողականության վերաբերյալ։ Որպես արտադրողականության բարձրացման խթան երկուստեք կարեւորվել է նոր տեխնոլոգիաների ներդրումն ու կարողությունների զարգացումը։

Նախարարը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող ոլորտային ռազմավարական փաստաթղթերը։ Անդրադարձ է եղել զբոսաշրջության ոլորտին՝ որպես ներառական զարգացում ապահովող, նոր փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը խթանող ծառայությունների արտահանում։ Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները եւ դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման հնարավորությունները։