Ամերիկացի հրեաների «Հակաանվանարկային լիգա» ՀԿ-ն «օքեյ» նշանը (բթամատի եւ ցուցամատի օղակը) ռասիստական է համարել, որն ատելություն եւ «սպիտակ ռասայի գերազանցություն» է մատնանշում, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով CBS News-ին։

«Մենք կարծում ենք, որ իրավապահ մարմինները եւ հասարակայնությունը պետք է լիովին տեղեկացված լինեն այդ պատկերների նշանակությանը, որոնք կարող են ծառայել որպես առաջին նախազգուշացնող նշան հասարակությունում կամ դպրոցում ատելություն կրողների առկայության մասին»,- ասել է կազմակերպության ղեկավարներից մեկը։

Մայիսին ռասիստական այդ ժեստի օգտագործման մեջ մեղադրեցին Էստոնական պահպանողական ժողովրդական կուսակցության (EKRE) առաջնորդներ Մարտ եւ Մարտին Հելմեներին։

Խտրական ժեստն առաջ է եկել ամերիկյան ալտ-աջերի օնլայն շարժման մեջ՝ նշանակելով «սպիտակ ռասայի իշխանություն» (White power)։ Սկզբում այն գոյություն ուներ որպես մեմ, բայց դրա ավելի լայն տարածումը հանգեցրեց հակառակորդների կտրուկ արձագանքին։ Նշվում է, որ ավելի վաղ այդ ժեստը դատարանում ցուցադրել է նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում մարդկանց գնդակահարման գործով կասկածյալը։