Առաջին գրատպիչ Յոհան Գուտենբերգի աշակերտների կողմից պատրաստված Աստվածաշունչը վաճառքի է հանվել Գերմանիայի Համբուրգ քաղաքում: DPA-ի հաղորդմամբ՝ լոտի գինը մոտ 1 մլն եվրո է:
Աճուրդը կանցկացվի նոյեմբերի 25-ին Ketterer Kunst աճուրդի տանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Յոհան Գուտենբերգի աշակերտների՝ Յոհան Ֆուստի եւ Պետեր Շյոֆֆերի Biblia-ն գլուխգործոց է, որը ստեղծվել է տպագրահաստոցի հեղինակի կյանքի օրոք»,- գործակալությունը մեջբերում է աճուրդի տան ներկայացուցչի խոսքը:
Իր կատարման վարպետությամբ այդ ամբողջությամբ մագաղաթից կազմված երկու հատորանոց Աստվածաշունչը տեղ է գտել հենց Գուտենբերգի Աստվածաշնչի կողքին: Շյոֆֆերի Աստվածաշունչը տպագրվել է Գուտենբերգի Աստվածաշնչի տպագրումից 7 տարի անց:
Յոհան Գուտենբերգը (մոտավորապես 1400-1468) գերմանացի առաջին գրատպիչն է: Նա հորինել է շարժական նիշերի օգտագործմամբ տպագիր տեքստ հավաքելու միջոցը, որի օգնությամբ ստեղծվել է Եվրոպայում առաջին լրիվ ծավալով տպագիր հրատարակությունը՝ 42-տողանի (էջի վրա տողերի քանակով) Աստվածաշունչը, որն ավելի ուշ ստացել է Գուտենբերգի Աստվածաշունչ անվանումը:





























