«Երկիր» օրաթերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ Ստեփանակերտի օդանավակայան չվերթ կատարող քաղաքացիական օդանավերը ոչնչացնելու սպառնալիքներին առաջին անգամ չափազանց կոշտ արձագանք տրվեց: Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջին չվերթի առաջին ուղեւորն ինքն է լինելու: Այսպիսով, Հայաստանը պատասխանատվություն ստանձնեց ԼՂՀ-ի օդանավակայան կատարվող չվերթերի անվտանգության համար: Նախագահի այս հստակ ձեւակերպված հայտարարությունն արվեց ճիշտ ժամանակին, ճիշտ ձեւաչափով:

Հայ-թուրքական գործընթացում միջնորդի դեր ստանձնած Շվեյցարիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում հնչեցրած այս միտքն ուղղված էր ոչ այնքան Ադրբեջանին, որքան միջազգային հանրությանը` զերծ պահելու Բաքվին որեւէ արկածախնդրության դիմելուց: Սակայն որքան էլ հստակ էր նախագահի այս դիրքորոշումը, այն դիվանագիտական առումով հիմնավորելու կարիք է զգացվելու: Միջազգային հանրությունը հեշտությամբ կարող է կուլ տալ Ադրբեջանի քարոզչական այն խայծը, որ Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման եւ շահագործման պատասխանատուն Հայաստանն է:

Մինչդեռ հիմա պետք է օգտագործել այս հնարավորությունը: ԼՂՀ-ն պետք է հանդես գա որպես սեփական գործողություններն ինքնուրույն իրականացնող կողմ, այսպիսով պարտադրելով իր ներգրավումը Երեւան-Բաքու հարաբերություններում»: