Տիկին Բաումգարտները փորձում է Մոնտանա նահանգի հարազատ Ֆինլի Փոյնթ քաղաքի փողոցները անվտանգ դարձնել, այդ պատճառով էլ նա ֆենը ձեռքին նստում է ճանապարհի եզրին՝ վախեցնելով կանոնները խախտողներին, գրում է «Մոտորը»։
Հունվարից մինչեւ հուլիսն ընկած ժամանակահատվածում Մոնտանա նահանգում արագությունը գերազանցելու հետեւանքով 92 մարդ է զոհվել։ Արագընթաց վարորդների դեմ պայքարելու համար ոստիկանությունը տարբեր հնարքների է դիմում, այդ թվում՝ տեսախցիկներ եւ դրանց նմանվող կեղծ սարքեր է տեղադրում։ Փոքրիկ քաղաքից տատիկը, հանուն իր թոռնիկների, որոշել է ներդրում ունենալ փողոցներում անվտանգության ապահովման գործում, որի համար զինվել է ֆենով եւ պարտեզի աթոռով։
Տիկին Բաումգարտները պարզապես նստել է իր տան դիմաց, ճամփեզրին եւ ձեռքն է առել ֆենը՝ ուղղելով այն հանդիպակաց եկող վարորդների վրա։ Նրա խոսքերով, այդ հնարքն իրոք աշխատում է՝ արագությունը խախտողները, հեռվից տեսնելով ռադարի նմանվող սարքով մարդու, գերադասում են նվազեցնել արագությունը։ Կնոջ ջանքերն աննկատ չեն մնացել՝ նախաձեռնություն ցուցաբերելու համար տեղի ոստիկանությունը նրան նվիրել է գլխարկ եւ կրծքանշան, ինչպես նաեւ պատվավոր պարեկ է նշանակել։





























