Հնագետները հայտնաբերել են մորգ, որը պատկանել է վիկինգներին։ Այն գտել են կենտրոնական Նորվեգիայում Խեմենե քաղաքի արվարձան Վինյերեում վիկինգների դարաշրջանի գերեզմանոցի պեղումների ժամանակ, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Phys.org-ին։
Պեղումների արդյունքների համաձայն, կառույցի չափերը 5x3 մետր են։ Անկյուններում կանգնեցված են սյուներ, պատերը փայտի տախտակներից են։ Շենքը գտնվում է բլրի կողքին, որից միայն շրջանաձեւ առուն է մնացել։ Հուղարկավորության տները հազվադեպ են Նորվեգիայում՝ ամբողջ երկրում դրանք 15-ից էլ քիչ են։
Ավելի վաղ հետազոտողները կարծում էին, որ մորգերում վիկինգները պահել են մահացածների մարմինները, որպեսզի գարնան գալու հետ թաղեն դրանք։ Սակայն նոր տվյալները ցույց են տալիս, որ այդ կառույցները ունեցել են խորհրդանշական, եւ ոչ թե գործնական նշանակություն։ Հավանաբար սկանդինավները հավատացել են, որ մահացածների հոգիները կենդանի են մնում բլրում եւ խոնարհման դիմաց լավ բերք ու կենդանիների պտղաբերություն են ապահովում։
Պեղումները կշարունակվեն ողջ աշնան եւ հաջորդ տարվա ընթացքում։ Հետազոտողները հուսով են, որ նոր գտածոները կօգնեն իրենց ավելի լավ հասկանալ վիկինգների համայնքի կառուցվածքը։




























