ԱՄՆ Ռազմաօդային ուժերը մտադիր է հին օդանավերի թանկարժեք վերանորոգման խնդիրը լուծել անհրաժեշտ մասերը պատրաստելով ավելի առաջավոր տեխնոլոգիաների՝ 3D տպագրության միջոցով, հայտնում է The Washington Post-ը:

Ներկայումս խնդիրն այն է, որ օդանավերի գնման գինը կազմում է դրանք պահելու եւ վերանորոգելու ընդհանուր ծախսերի միայն փոքր մասը: Այսպես՝ Պենտագոնի հաշվարկներով ամբողջ ծախսի շուրջ 70 տոկոսը կազմում է մեքենաներն աշխատանքային վիճակում պահելը:

Սակայն սա ամերիկացի զինվորականների համար հատկապես հիմա է կենսական հարց դարձել. ներկայումս հին օդանավերի բաժինն ավելի մեծ է, քան նախկինում երբեւէ եղել է ԱՄՆ ՌՕՈՒ պատմության մեջ: 2019 թվականի սկզբի դրությամբ՝ այդպիսի ընդհանուր 5,5 հազար մեքենա կա, որոնց միջին տարիքը կազմում է 28 տարի: Իսկ օդանավը որքան հին է, այնքան դրա վերանորոգումը թանկ է:

Առանձին խնդիր է այն փաստը, որ շատ մասեր սկզբունքորեն սերիական արտադրությունից հանվել են: Սրա հետ կապված՝ զինվորականները ստիպված են խոշոր գումար ծախսել դրանք պատվերով պատրաստելու համար: Նման դեպքերում արտադրողներն առանձնապես չեն ամաչում գները զգալիորեն բարձրացնելուց:

Այսպես՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչի զեկույցում դեպք է ներկայացվում, երբ Պենտագոնի համար պահեստամասերի մատակարարման պայմանագրերից մեկի եկամտաբերությունը անցել է 4000 տոկոսից:

Նոր տեխնոլոգիաներ հին օդանավերի համար

Հենց այս հարցում պետք է օգնության հասնեն արդյունաբերական 3D պրինտերները, քանի որ թույլ կտան խուսափել հնացած մասերի արտադրական գիծը կրկին ստեղծելու անհրաժեշտությունից: Հնարավոր կլինի այն ուղղակի պատճենել եւ տպագրել: Իսկ այդ ամենի պատասխանատուն կլինի ծրագրային ապահովումը:

«Մեզ անհրաժեշտ է կանոնների նոր լրակազմ եւ նոր բիզնես մոդել ճյուղի ներկայացուցիչների հետ փոխգործակցության համար, որպեսզի հին մասերը զսպող գործոն չդառնան այն հարցում, որը վերաբերում է պատերազմին մեր պատրաստվածությանը»,- ասել է ՌՕՈՒ նախարարի օգնական Ուիլ Ռոփերը:

Պարբերականը որպես նման համագործակցության օրինակ բերում է ամերիկյան General Electric ընկերության ստորաբաժանումներից մեկի հետ կնքված պայմանագիրը, որի շնորհիվ ԱՄՆ ՌՕՈՒ-ն կկարողանա 3D պրինտերներով տպագրել մասեր F-16 եւ F-15 օդանավերի համար:

Ձեռնարկությունը տպագրական սարքավորումները կտեղադրի ուղղակիորեն ՌՕՈՒ-ի վերանորոգման արհեստանոցներում եւ զինվորական մասնագետներին կսովորեցնի դրանց օգտագործումը: Իսկ հետագայում ընկերությունը հաստատագրված վճար կստանա յուրաքանչյուր տպագրված պահեստամասի համար՝ անկախ հանգամանքից, թե ինչ մաս է: