Հոկտեմբերի 1-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Սինգապուրի ավագ նախարար Թարման Շանմուգարատնամին:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշել է, որ հայերը մեծապես գնահատում են Սինգապուրի գրանցած հաջողությունները, եւ մի շարք ոլորտներում երկրի կուտակած փորձը ուսանելի կարող է լինել Հայաստանի համար՝ հատկապես հաշվի առնելով մեր կառավարության շեշտադրումը մարդկային կապիտալի զարգացման վրա:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թարման Շանմուգարատնամը նշել է, որ Սինգապուրը պատրաստակամ զարգացման ճանապարհին ձեռք բերած փորձառությունը կիսել Հայաստանի հետ:
Անդրադառնալով առեւտրատնտեսական հարաբերություններին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ այսօր Եվրասիական միության եւ Սինգապուրի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ստորագրվելիք համաձայնագրերը լուրջ ազդակ կհաղորդեն առեւտրաշրջանառությանը եւ նոր հեռանկարներ կբացեն գործարար շրջանակների համար:
Հաշվի առնելով Սինգապուրի առաջատար փորձը՝ զրուցակիցները քննարկել են հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման, «Աշխատիր Հայաստան» ծրագրի շրջանակներում համագործակցության հեռանկարները:
Առանձին անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխշահավետ գործընկերության հաստատման հարցերին: Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ տեղի ունենալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը լավ առիթ կլինի սինգապուրյան ընկերությունների համար՝ Հայաստանի հնարավորություններին ավելի լավ ծանոթանալու:
Քննարկվել է նաեւ կրիպտոարժույթների ոլորտում կարգավորումների թեման: Սինգապուրյան կողմը առաջարկել է հայկական պատվիրակություն ուղարկել այս տարվա նոյեմբերին կայանալիք «Սինգապուր ՖինԹեք Փառատոն 2019» (Singapore FinTech Festival 2019), որը ոլորտի խոշորագույն միջոցառումն է:



























