Հարկային դաշտի փոփոխությունները բավարար ռեսուրսներ կթողնեն ձեռնարկություններին, որպեսզի վերջիններս կարողանան համապատասխան ծախսեր կատարել: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Կարապետյանը կարծում է, որ ներկայումս ցածր աշխատավարձ ստացող մարդիկ անարդարացիորեն ցածր են վարձատրվում:
«Այսինքն, նրանց կատարած աշխատանքը համարժեք չէ 55 000 դրամին, եւ նրանք պետք է ավելի բարձր վարձատրվեն: Դա եւս մեկ քայլ է՝ ուղղված աշխատողների իրավունքների պաշտպանությանը»,- նշեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է գնաճին, պատգամավորը նկատեց, որ այդ առումով ինքը մտավախություններ չունի: «Մենք պարզապես եկամուտների մի մասը բաշխում ենք բիզնեսից դեպի աշխատավարձ ստացողներ, այսինքն մի տեսակի եկամուտը դարձում ենք այլ տեսակի եկամուտ, որը գնաճի վրա ազդցեցություն չի ունենալու»,- վստահեցրեց Կարապետյանը:
Հիշեցնենք, որ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի եւ Նարեկ Զեյնալյանի կողմից մշակված օրինագծով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից բարձրացնել մինչեւ 68 000 դրամ:



























