Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` ապրիլի 1-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին եւ հաջողություններ մաղթել մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հանրապետության ղեկավարը նշել է, որ հայ-վրացական բարձր մակարդակի հարաբերություններն ամրապնդվում են ակտիվ փոխայցելություններով. տարեսկզբին նախագահ Սահակաշվիլիի Հայաստան կատարած այցից հետո, տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի այցը, օրերս Երեւանում էր այդ երկրի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարը, իսկ այս ամիս սպասվում է արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների այցը: Վերջերս Վրաստան էր այցելել Հայաստանի կրթության նախարարը:
«Կարծում եմ, այս գործընթացը կշարունակվի, եւ յուրաքանչյուր դեսպան պետք է ուրախ լինի այդպիսի փոխայցելությունների համար: Չնայած մեր շատ լավ հարաբերություններին, երկկողմ կապերի ամրապնդման ու զարգացման մեծ ներուժ կա, եւ իմ ու Նախագահ Սաակաշվիլիի խնդիրը, ինչպես նաեւ Ձեր խնդիրը` այդ ներուժը զարգացնելն է»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը` երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերություններն ավելի ամրապնդելու եւ խորացնելու համար:





























