Այս օրինագծով առաջարկվում է ազատել բրոքերային ծառայությունները ԱԱՀ-ից արժեթղթերի շուկայում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, հոկտեմբերի 3-ին ասել է օրինագծի համահեղինակ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը։
Օրինագիծը պատրաստել են «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Բաբկեն Թունյանը եւ Արտակ Մանուկյանը։
«Օրինագիծն ուղղված է արժեթղթերի շուկայի ակտիվացմանը։ Մասնավորապես, մենք առաջարկում ենք փոփոխություններ մտցնել 4 հոդվածներում։ Մինչեւ 2018 թվականի հունվար բրոքերային ծառայություններն ըստ էության ազատված էին ավելացված արժեքի հարկից։ Հետագայում, 2018 թվականին, Հարկային օրենսգրքում փոփոխությունների պատճառով, բոլոր ծառայությունները սկսեցին հարկվել ավելացված արժեքի հարկով։ Եվ մենք, ըստ էության, առաջարկում ենք վերադառնալ նախկին կարգավորման մեխանիզմներին»,- պարզաբանել է Մանուկյանը։
Պատգամավորը նշել է, որ իրենք ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը եւ երբեք չեն հանդիպել բրոքերային ծառայությունների հարկման գաղափարին՝ կապված արժեթղթերի հետ։
Երկրորդ փոփոխությունը, պատգամավորի խոսքով, վերաբերում է մարքեթմեյքերներին։ «Ըստ էության, նրանք ապահովում են իրացվելիությունը պոտենցիալ գնորդների եւ վաաճառողների համար։ Եվ այդ ծառայությունները մենք նույնպես փորձում ենք ազատել ԱԱՀ-ից»,- ընդգծել է խորհրդարանականը։
Երրորդ լրացմամբ պատգամավորներն առաջարկում են ազատել պարտատոմսերը եկամտահարկից։ Չորրորդ լրացմամբ պատգամավորներն առաջարկում են հանել հարկը թվարկված բաժնետոմսերից։
Ըստ Արտակ Մանուկյանի՝ առավելագույն նախնական բացասական ազդեցությունը, որը կարող է ծագել այս օրինագծի ընդունման պարագայում, կազմում է 60 մլն դրամ։



























