Երեւանի քաղաքապետարանը կրկին արգելել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին հանրահավաք անել Ազատության հրապարակում:
Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ ապրիլի 18-ին եւ 19-ին ժամը 16-ից Երեւան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) եւ Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։
Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը ապրիլի 1-ին արգելել է հանրահավաքների անցկացումը նշված վայրում, քանի որ այդ եւ դրան հաջորդող օրերին եւս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառումների անցկացումը:
Միաժամանակ առաջարկվել է նախատեսվող հանրահավաքներն անցկացնել իրազեկումների մեջ նշված օրերին եւ ժամերին` Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն։




























