Ռուսական Yandex խոշորագույն որոնողական համակարգը ներկայացրել է նոր ծառայություն` «հիմար արդյունքները», որն առաջարկում է հղումներ անլուրջ տեղեկություններին:

«Հիմար արդյունքների» ֆիլտրի կոճակը հայտնվում է էջում` որոնման հետ մեկտեղ, սակայն որոնումների միայն 5 տոկոսն է ուղեկցվում «հիմար արդյունքներով»: Օրինակ, եթե համակարգով որոնեք «ծրագրավորողներ» բառը, ձեզ կառաջարկեն այդ մասնագետների մասին անեկդոտների եւ ծիծաղելի պատմությունների հղումներ:

NEWS.am-ի թղթակիցը որոշեց փորձարկումներ անել եւ պարզել, որ «Հայաստան» հարցումով 20 հազար «հիմար պատասխան» է հայտնաբերվել;

Ռուսական համակարգը ծիծաղելի է համարել նաեւ տեղեկությունը, թե «Թուրքիան եւ Հայաստանը վերջ են դրել դարավոր թշնամությանը»:

Արդյունքների մեջ կան նաեւ անեկդոտներ, ինչպես այս մեկը. «Ինչպե՞ս տարբերել հային ամբոխի մեջ. Սպասեք 5 րոպե, եւ նա ինքը կտարբերվի...»:

Կայքը ուղեկցվում է փոքրիկ ուղերձով «Քաղաքացի հայեր եւ քաղաքացի ադրբեջանցիներ: Պետք չէ պատերազմել նրանց հետ, ովքեր «Արգելափակել» կոճակ ունեն: Այսինքն, վանդալային փոփոխություններ մի արեք, մի զայրացրեք ադմիններին եւ երջանիկ եղեք»:

Դե ինչ, երջանկություն եւ ժպիտ մաղթենք ընթերցողներին: Լավ տրամադրություն: