ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Նյու Յորքի Walford Astoria հյուրանոցում տեղի ունենալիք հանդիպումից առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել են հանդիպման թեմաները: ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Դավութօղլուի հետ խոսելու են մեծ շրջանակի խնդիրների շուրջ: «Մեր հանդիպմանը կքննարկվեն էներգետիկ, Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքի, Աֆղանստանի, Պակիստանի, Իրանի եւ Միջին Արեւելքի վերաբերյալ թեմաները: Պարոն նախարարին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ թուրքական իշխանությունների ջանքերի համար»,-ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Այնուհետ տեղի է ունեցել հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է հինգ թեմա։ Ըստ դիվանագիտական աղբյուրների հանդիպման ժամանակ Դավութօղլուն Քլինթոնին է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները։




























