Ախլադայում (հյուսիսային Հունաստան) պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են վեց հարուստ, «արիստոկրատական» գերեզմաններ, գրում է «Նաուկա ի ժիզն»-ը՝ հղում կատարելով երկրի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությանը։

«Արիստոկրատների» դամբարանը մնացած հատվածից առանձնացված էր քարե պարսպով։ Այդ պատճառով նրանք առանձնացել են տեղանքում ու դրա համար էլ թալանվել։ Բայց ինչ-որ բան կողոպտիչները թողել են։ Դրանցում գտել են թաղման ոսկե դիմակ եւ մատանի, իլիրիական տիպի չորս բրոնզե սաղավարտ, նույն մետաղից սպասք, գեղարդի երկաթե ծայրակալներ, արծաթե ճարմանդներ։

Գտածոն թվագրվում է մ.թ.ա. VI դարով։ Գերեզմաններից հինգում թաղումն իրականացված է եղել կիզման միջոցով։ Ախլադան հնագույն Մակեդոնիայի տարածքում երրորդ հուշարձանն է , որտեղ հայտնաբերվել է ոսկե դիմակ։

Պեղումներն Ախլադայում իրականացվում են պահպանվող տարածքում. հուշարձանը գտնվում է «Lignite Mines of Achlada SA» ձեռնարկության տարածքում, որը զբաղվում է ածխի արդյունահանմամբ։ Հնագետներն այնտեղ աշխատում են արդեն վեց տարի, այդ տարիներին ուսումնասիրել են 1290 գերեզմանատեղի։ Դրանց ամենավաղ թվագրումը վերաբերում է  ուշ բրոնզե դարին, առավել շատ են մ.թ. VI–III դարերի գերեզմանատեղիները, կան նաեւ բյուզանդական ժամանակի գերեզմաններ։ Հուշարձանի հարավային մասում բացվել է հռոմեական ժամանակաշրջանի երկու դաստակերտ։ 2019-ի դաշտային սեզոնին Ախլադայում հետազոտել են բյուզանդական ժամանակաշրջանի 131 եւ 75 արխայիկ շրջանի գերեզմանատեղի։