Թերթը գրում է, թե Ստեփանակերտի օդանավակայանը կգործի:

«Ավելի ճիշտ` կվերագործարկվի: Քանի որ Արցախի մայրաքաղաքը նախկինում էլ օդանավակայան ուներ: Այն ավերվել է 1992թ. փետրվարին: Մենք չենք չէ, որ սա ասում ենք: Որոնեք համացանցում «Ալիֆ Հաջիեւ» եւ կկարդաք, որ «Խոջալուի զինվորական պարետ Ալիֆ Հաջիեւը ոչնչացրել է օդանավակայանի դիսպետչերական կետը, որպեսզի զինվորական գաղտնիք պարունակող փաստաթղթերը չընկնեն հակառակորդի ձեռքը»: Իսկ օժանդակ շենքերն ու շինությունները, թռիչքուղին բարբարոսաբար քանդվել էին ավելի վաղ:

Այսօր ամեն ինչ վերականգնված է: Անշուշտ` նորովի: Օդանավակայանը պատրաստվում է ընդունել առաջին թռիչքը: Այս իրավիճակում միակ արտառոցն այն է, որ շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում կարողանում են ոչ միայն օրախնդիր հարցեր լուծել, այլեւ ժամանակակից օդանավակայան կառուցել: Որպեսզի արտաքին աշխարհի հետ մի հուսալի կապ էլ ունենանք:

Ըստ էության, հենց դա է, որ հավասարակշռությունից հանել է Ադրբեջանի իշխանություններին: Դա ակնհայտ է: Չէ՞ որ պաշտոնական Բաքուն սեփական հպատակներին զօրուգիշեր «համոզում է», որ ԼՂ-ում «մարդիկ ապրում են կիսաքաղց», որ «նրանք, ահա-ահա հարուստ Ադրբեջանը կգերադասեն աղքատ Հայաստանից»: Եվ նման այլ «ճշմարտություններ»:

Ու հանկարծ «պարզ երկնքում ամպրոպ է ճայթում». հասարակությանը հայտնի է դառնում, որ իրականում ԼՂ-ն պատրաստվում է օդանավակայան շահագործել: Իսկ դա բավական է, որպեսզի Ադրբեջանում մարդիկ հասկանան, որ իշխանություններն իրենց խաբել եւ շարունակում են խաբել»,-գրումէ  «Ազգը»: