Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին մերժել է զինադադարի մասին ապստամբների առաջարկը, հաղորդում է Agence France-Presse-ը:

Կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը հայտարարել է, որ ապստամբները խաղաղություն չեն առաջարկում, այլ անիրականանալի պահանջներ են դնում: Նրա խոսքով, կառավարական զորքերը չեն պատրաստվում դուրս գալ իրենց վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից: Նա ապստամբների առաջարկը համարել է ծուղակ, թեեւ հավելել է, որ իշխանությունները միշտ պատրաստ են բանակցությունների, հաղորդում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ Բենղազիում հիմնված Լիբիայի անցումային ազգային խորհրդի ղեկավարն առաջարկել էր դադարեցնել կրակը, եթե կատարվեն մի քանի պահանջներ: Մուստաֆա Աբդել Ջալիլը նշել էր, որ զինադադարը հնարավոր կլինի, եթե կառավարական զորքերը դուրս գան Լիբիայի արեւմտյան քաղաքներից, այդտեղ ապրող բնակչության համար ապահովվի խոսքի ազատություն, իսկ օտարերկրյա վարձկանները լքեն երկիրը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Տրիպոլին արդեն մի քանի անգամ հայտարարել է միակողմանի զինադադարի մասին, սակայն ամեն անգամ դրանից հետո ռազմական գործողությունները նոր թափ են ստացել: Կրակի անհապաղ դադարեցումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի պահանջներից մեկն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել, որը ենթադրում է  ցանկացած գործողություն, այդ թվում ռազմական միջամտություն՝ Լիբիայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Բանաձեւն արգելում է միայն ցամաքային ներխուժումը: