Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցչներն ապրիլի 1-ին Կարսում բողոք-հանրահավաք են անցկացրել հայ-թուրքական բարեկամության հուշարձանի մոտ:
Ինչպես հաղորդում է 1news.az-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, ակցիայի նախաձեռնողը ադրբեջանցիների սփյուռքի միջազգային կենտրոնն է:
Կենտրոնի ղեկավար Իսմայիլ Աղաեւը հայտարարել է, որ Թուրքիայի հողում «չի կարող տեղ ունենալ նման հրեշավոր արձանը»:
Ակցիայի մասնակիցները որպես բողոքի նշան սեւ ծաղկեպսակ են դրել հուշարձանի մոտ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ժամանակ «հրեշավոր» էր անվանել հայ-թուրքական բարեկամության նվիրված հուշարձանը եւ հրահանգել քանդել այն:
Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը: Սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն կրեց: Անավարտ արձանը անորոշ ճակատագրով տեղադրվեց Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում:
Նիֆ Ալիբեյօղլուն մի առիթով հայտարարել է, թե հուշարձանի քանդումը կապված է մի խնդրանքի հետ։ «Այդ խնդրանքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խնդրանքն է։ Մենք էլ Ադրբեջանից նավթի, գազի կախվածություն ունենք։ Քանդման միակ պատճառը սա է»,-նշել է Ալիբեյօղլուն:
Էրդողանի հայտարարությունից որոշ ժամանկ անց Կարսի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել հանել արձանը:





























