Կալկաթայում (Հնդկաստան) ապրիլի 2-ին նշվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 190-ամյակը: Բացման խոսքով հանդես է եկել ճեմարանի կրթական տնօրենը: Այնուհետեւ Մարդասիրականի պարախումբը ներկայացրել է մի գեղեցիկ հնդկական պար, որին հաջորդել է կրթօջախի երգչախմբի ելույթը: Ապա 2010-2011 ուսումնական տարվա շրջանավարտներին հանձնվել է ճեմարանի անունը կրող ժամացույցներ, իսկ բարձր առաջադիմություն ունեցող աշակերտները պարգեւատրվել են գովասանագրերով եւ ստացել խրախուսական նվերներ:

Հանդիսության ընթացքում ներկայացվել է Կալկաթայում լույս տեսած «Հնդկահայք» երկլեզու (հայերեն-անգլերեն)  երկրորդ տարեգիրքը:

Ձեռնարկին ներկա են եղել ճեմարանի աշակերտությունը, ուսուցիչները, պաշտոնեությունը, Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչության անդամները, համայնքի ներկայացուցիչներ եւ հյուրեր:  

Նշենք, որ Հայոց մարդասիրական ճեմարանը հիմնադրվել է 1821 թվականի ապրիլի 2-ին` Աստվածատուր Մուրադխանյանի եւ Մնացական Վարդանյանի բարերա-րությամբ: Կրթօջախը Կալկաթայի երկրորդ ամենահին դպրոցն է: