Սինգապուրում մարտի 25-28-ին տեղի են ունեցել հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օծման 175-ամյակին նվիրված միջոցառումներ: Միջոցառումներին մասնակցել են Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սբ. Էջմիածնի հատուկ ներկայացուցիչ Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, Սինգապուրում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին):
Ինչպես գրում է Աթենքում լույս տեսնող «Հայաստան» թերթը, ներկա են եղել նաեւ աշխարհի 14 երկրներից ժամանած շուրջ 160 հայեր, ինչպես նաեւ Սինգապուրում գործող այլ եկեղեցիների հոգեւորականներ, երկրի հասարակայնության ներկայացուցիչներ:
Սինգապուրի ԱԳ նախարար Ջորջ Յեոնը ներկա է գտնվել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված սուրբ պատարագին եւ մասնակցել է դրան հաջորդած միջոցառմանը: Մարտի 26-ի երեկոյան Ռաֆլզ հյուրանոցում կայացել է ընդունելություն, որը եզրափակվել է հայ երաժիշտների կատարմամբ եվրոպական եւ հայ դասական երաժշտության համերգով:





























