Թեպետ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարցեր չեն քննարկվելու, սակայն այդ կառույցում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ պատվիրակության մյուս անդամները բարձրաձայնելու են Հայաստանին, ԼՂՀ-ին եւ Հարավային Կովկասի տարածաշրրջանին առնչվող գերակա մի շարք խնդիրներ։ Այս մասին Զոհրաբյանն ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
Նրա խոսքով, իր պատրաստած ելույթների թվում են այնպիսիք, որոնք ուղղված են ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին մասնակցող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին։ «Ելույթս ուղղված է լինելու ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման վերաբերյալ Չավուշօղլուի սպառնալիքներին։ Հայկական պատվիրակության բոլոր անդամները՝ ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական, բազմիցս հայտնել են այս հարցի շուրջ ունեցած իրենց անհամաձայնությունը։ Կոնկրետ ԲՀԿ-ի դիրքորոշումն այդ ենթահանձնաժողովի վերաբերյալ հստակ է։ Մենք անթույլատրելի ենք համարում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծումը, որի արդյունքն ի սկզբանե պարզ է։ Դրա նպատակը մեկն է. ունենալ հակահայ բանաձեւ եւ այն պարտադրել կատարման։ Մենք մերժելի ենք համարում մասնակցել դատապարտված խաղին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, ինքը բարձրաձայնելու է նաեւ դեպի Նախիջեւանի Ջուղայի ավերված գերեզմանոցներ ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը։ «2007 թվականին նման առաքելություն ԵԽԽՎ-ի կողմից պետք է ուղարկվեր, սակայն ադրբեջանական կողմի շանտաժի պատճառով առաքելությունը ձախողվեց։ Բարձրացնելու եմ նաեւ հոկտեմբերի 5-ին ադրբեջանցիների կողմից կտտանքերի ենթակված եւ սպանված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի հարցը»,- տեղեկացրեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամը։
Ամփոփելով՝ Զոհրաբյանը տեղեկացրեց, որ դատելով ադրբեջանական մամուլի հրապարակումներից՝ ինքը կարծում է, որ ադրբեջանցիները ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին շեշտը դնելու են իրենց ձեւակերպմամբ հայ դիպուկահարի կողմից սպանված իննամյա ադրբեջանցի երեխայի դեպքի վրա։ «Դրա հետ կապված եւս ԵԽԽՎ-ին համապատասխան պարզաբանումներ կներկայացնեմ։ Կներկայացնեմ տեղանքի ռելիեֆի քարտեզը, ինչը ցույց կտա, որ նրանց նշած հեռավորությունից եւ ռելիեֆի պայմաններից հնարավոր չէր մարդ սպանել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկելու է ապրիլի 11-ին եւ կտեւի մինչեւ ապրիլի 15-ը։





























