Ցանկացած հակամարտություն, անգամ շատ ձգձգվածը, կարելի է լուծել: Սակայն դրա համար հարկավոր է կամք, խիզախ լուծումներ, անգամ քաղաքական զոհաբերություններ: Երեւանում ապրիլի 4-ին նման կարծիք է հայտնել Ջոնաթան Փաուելլը:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի քարտուղարության ղեկավարն ու Հյուսիսային Իռլանդիայի հարցով գլխավոր բանակցողը Երեւանում է գտնվում «Խաղաղության հաստատում եւ խաղաղ գոյակցություն զինված հակամարտությունից հետո. Կիպրոսի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեպքերը» թեմայով կլոր սեղանին: Միջոցառումը կազմակերպվել է Կովկասի ինստիտուտի եւ «International Alert»-ի համատեղ ջանքերով:
Հատուկ ընդգծելով, որ ղարաբաղյան եւ հյոիսսիռլանդական հակամարտությունների միջեւ ընդհանուր քիչ բան կա, Փաուելլը, այդուհանդերձ, նշել է մի քանի գծեր, որ ընդհանուր են ձգձգված հակամարտությունների համար: Նրա խոսքով, եթե կողմերին չհաջողվի շփման կետ գտնել, պետք է փոխել հարցի ձեւակերպումը: Գլխավորը, ըստ Փաուելլի, «հեծանիվը տեղից» շարժելն է եւ հետո ձգտել, որ այն չկանգնի: Դա բարդ գործընթաց է, որ քաղաքական կամք է պահանջում: Կարեւոր է, որ յուրաքանյուրն իրեն հաղթող զգա կարգավորման գործընթացում:



























