Շիրակի մարզը սպանդանոց չունի, իսկ անասուններին մորթում են գետնին կամ անասնագոմերում: «Անվտանգ մսամթերք սպառողին հասցնելու համար նախ եւ առաջ խիստ անհրաժեշտ է մարզում գոնե մեկ խոշոր սպանդանոց ունենալ: Սպանդանոցներում կպահպանվեն սանիտարահիգիենիկ պայմանները, մորթից հետո մսեղիքը, հումքը եւ թափոնները պարտադիր կհսկվեն: Եթե գյուղում հիվանդ կենդանի մորթեն, արյունը կարող է վարակել մյուս կենդանիներին: Սպանդանոցում նմանատիպ երեւույթները կբացառվեն»,-դժգոհել են Շիրակի մարզի անասնաբույժները:
Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի անասնաբուժության գլխավոր մասնագետի խոսքով` եվրոպական չափանիշների կամ արտերկիր մսամթերք արտահանելու մասին խոսելուց առաջ հարկավոր է նախ մտածել սեփական բնակչության համար անվտանգ սնունդ ապահովելու մասին: «Շիրակի մարզում անասուններին կեղտոտ գետնին են մորթում կամ անասնագոմերում,որը հակասանիտարական է»,-ասել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի անասնաբույժ Արմենակ Հովիկյանը:
Մարզի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանի խոսքով` իրենք նամակներ են գրել գյուղատնտեսության նախարարին: Սպանդանոցների կառուցման հարցն ընդգրկել 2010-2014 թթ.մարզի սոցիալ տնտեսական զարգացման ծրագրերում: Նախորդ տարի նախարարությունից եկել ուսումնասիրել են այն տարածքները, որտեղ նախատեսված է եղել սպանդանոցներ կառուցել:




























