Հայաստանի ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը Ժնեւում կայացած ՆԱՏՕ-ի «Խորհրդարանների դերը սպառազինությունների չտարածման եւ վերահսկողության գործում» խորհրդաժողովում իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում սպառազինությունների մրցավազքի կապակցությամբ, որը տարածաշրջանում պատերազմի սպառնալիք է ստեղծում:
Ինչպես մամուլի ասուլիսում նշել է Կարապետյանը, ինքն իր ելույթում մասնավորապես նկատել է, որ սպառազինությունների մրցավազքում Ադրբեջանին օգնում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան: Նա շեշտել է, որ Ադրբեջանը մշտապես ավելացնում է իր ռազմական բյուջեն նավթադոլարների հաշվին, ինչն անթույլատրելի է: «Հարեւան երկիրը, փոխանակ բանակցություններ վարի, մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով»,- ասել է Կարապետյանը: Նա շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է համապատասխան գնահատական տա Ադրբեջանի վարմունքին:
Խորհրդաժողովին ներկա 25 երկրների պատվիրակներ աջակցել են Հրայր Կարապետյանի հավասարակշիռ ելույթը:



























