Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հրապարակել է «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն» 2010 թվականի զեկույցը:
Հայաստանին վերաբերող հատվածում զեկույցի հեղինակները հիշեցնում են մի քանի կարեւոր փաստեր եւ մեկնաբանություններ են արել: Մասնավորապես նշվում է, որ մարդու իրավունքների հարցով ԵՄ-Հայաստան երկխոսության երկրորդ փուլը կայացել է դեկտեմբերի 7-ին: «Դա հնարավորություն տվեց ԵՄ-ին կրկին ընդգծել Հայաստանի համար մարդու իրավունքների կարեւորությունը` որպես լիովին ժողովրդավարական հասարակություն ստեղծելու հիմնական տարր»,- ասված է զեկույցում:
Հունիսի 15-ին ԵԱՀԿ` մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը նկատեց, որ Հայաստանի հեռուստա- եւ ռադիոհեռարձակման մասին օրենքը անբավարար է զանգվածային լրատվամիջոցներում բազմակարծությունն ապահովելու համար: Ինչպես նշվում է զեկույցում, ԵՄ-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը եւ օրենսդիրներին շարունակել սերտորեն համագործակցել քաղաքացիական հասարակության, Եվրոպայի եւ ԵԱՀԿ փորձագետների հետ, որպեսզի օրենքը նպաստի մամուլի ազատությանը եւ համապատասխանի եվրոպական չափանիշներին:
«Մարտին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը հրապարակել է իր զեկույցը դատական գործընթացների վերաբերյալ, որոնք ի հայտ եկան 2008-ի մարտի հետընտրական բռնությունների դատական լսումների ժամանակ: Զեկույցը բացահայտել է Հայաստանի դատական համակարգի թերությունները եւ մի շարք հանձնարարականներ է տվել: Կարեւոր է, որ Հայաստանի կառավարությունը իրացնի այդ հանձնարարականները որպես դատական համակարգի բարեփոխման իր ծրագրի մի մաս»,- ասված է փաստաթղթում:
Հեղինակները նշում են նաեւ, որ թեպետ Հայաստանը վավերացրել է Կանանց նկատմամբ Խտրականության բոլոր տեսակների վերացման կոնվենցիան եւ այդ սկզբունքներն ամրագրվել են Սահմանադրության մեջ, կանայք շարունակում են լուրջ խտրական վերաբերմունքի արժանանալ տնտեսական եւ քաղաքական կյանքում: Նոյեմբերի 25-ին Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օրը ԵՄ-ն հայտարարել է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության 10 նոր նախագծերի մասին, այդ թվում` Հայաստանում ընտանեկան բռնության կրճատմանը միտված:
«Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, կազմակերպությունում առանցքային խորհրդատվական եւ խորհրդակցական մարմինը, քննարկում է անցկացրել իր չորս նստաշրջանների ընթացքում 2010թ.: Այդ քննարկումների հիմնական արդյունքն էր խորհուրդ տալ Ռուսաստանին դադարեցնել ահաբեկչությունը Հյուսիսային Կովկասում եւ կոչ Հայաստանին` վերանայել լրատվամիջոցների մասին օրենքը»,- ասված է զեկույցում:



























