Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական սկանդալ է հասունանում։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը Ալի ՀասանովնԱդրբեջանում ԱՄՆ-ը դեսպանատանը կոչ է արել լիազորություններից շրջանակում մնալ, եւ չխառնվել Ադրբեջանի ներքին գործերին։ «Լավ կլիներ, որ արտասահմանյան ներկայացուցիչները գործեին իրենց լիազորությունների շրջանակում եւ չխառնվեին Ադրբեջանի ներքին գործերին»,- ասել է Հասանովը՝ անդրադառնալով Բաքվում ԱՄՆ եւ ԵԱՀԿ դեսպանությունների Ադրբեջանի ընդդիմադիր գործիչների ձերբակալման  վերաբերյալ տարածած հայտարարությանը։

Նրա խոսքով՝ «Ադրբեջանի կառավարությունը համաձայն երկրի Սահմանադրության եւ օրենքների, ինչպես նաեւ ստանձնած միջազգային պարտավորությունների, մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ մշտապես սկզբունքային դիրքորոշում է որդեգրել եւ կատարել է իր ստանձնած պարտավորությունները։

Հասանովը նաեւ ընդգծել է, որ  իշխանությունները երբեք չեն կարող հանդուրժել, որ  մի քանի քաղաքական ուժերի նկրտումների պատճառով Բաքվում անհասկանալի իրավիճակ ստեղծվի, եւ թույլ չեն տա, որ մարդկանց խաղաղ ապրելու իրավունքը ոտնահարվի, ինչպես նաեւ խաթարվի տրանսպորտի աշխատանքն ու քաղաքի բնականոն կյանքը։  

«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ եւ ԱՄՆ դեսպանատների վերաբերմունքին, պետք է նշել, որ մենք երբեք մեր դիրքորոշումը չենք արտահայտել տարբեր երկրներում անցկացվող միջոցառումների վերաբերյալ, քանի որ կարծել ենք, դա այդ երկրների ներքին գործն է»,- Հասանովին մեջբերել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է արտահայտել Բաքվում ապրիլի 2-ին ընդդիմության անդամների ձերբակալությունների կապակցությամբ, եւ կոչ է արել Ադրբեջանին հետեւել սեփական Սահմանադությանը։ Նշենք, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի իշխանությունը դաժանորեն ճնշել էր ընդդիմության հանրահավաքը Բաքվում։