Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հրապարակել է «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն» 2010 թվականի զեկույցը, որտեղ խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանին:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում հավատքի ազատությանը լուրջ վնաս է հասցվել երկրի օրենսդրության մեջ 2009-ին կատարված փոփոխություններով: Ըստ այդ փոփոխությունների, բոլոր կրոնական կազմակերպությունները պարտավոր են գրանցվել իշխանության մարմիններում` իրենց կարգավիճակը պահպանելու համար:

«30 համայնքներ եւ կրոնական կազմակերպությունների մինչ օրս գրանցված չեն, այդ թվում «Եհովայի վկաները»: Բաքվում մեր դեսպանատունը սերտ շփման մեջ է մի շարք կրոնական եւ քաղաքացիական խմբերի հետ եւ մենք բարձրացրել ենք այդ հարցերը Ադրբեջանի կառավարության առջեւ»,- ասված է զեկույցում:

Փաստաթղթի հեղինակները նշում են նաեւ, որ ԵԱՀԿ-ի հոկտեմբերի 7-ին Վարշավայում անցկացված կոնֆերանսում ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանում հետապնդվում են լրագրողները: «Կասկածելի մեղադրանքներով դատավճիռները մնում են որպես հետապնդման եւ մարդու հիմնարար ազատությունների լուրջ սահմանափակումների գործիք մի շարք երկրներում, հատկապես Ադրբեջանում, Ուզբեկստանում եւ Ղազախստանում»,- ասված է զեկույցում: