«Արմավիա» ավիաընկերությունը իր ցավակցությունն է հայտնել վրացական Georgian Airways ընկերությանը եւ բոլոր այն ուղեւորների ընտանիքներին, ովքեր զոհվել են Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում ապրիլի 4-ին տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով: Այս մասին NEWS.am-ին հայտնում են «Արմավիայի» մամուլի ծառայությունից: Զոհվածները եղել են ՄԱԿ-ի առաքելության ինքնաթիռի անդամներ եւ վրացական Аirzena - Georgian Airways ավիաընկերության աշխատակիցներ:
«Ողջ է մնացել վթարի ենթարկված 33 ուղեւորներից միայն 1-ը, այս մասին արդեն հայտնել են մի շարք լրատվամիջոցներ եւ դա պետք է դառնա հանրությանը ուղղված մարտահրավեր: Ուզում ենք ընդգծել, որ ավիացիան այն ոլորտն է, որտեղ տեղ չունեն լարվածությունն ու անառողջ մթնոլորտը, քանի որ դրանք իրենց հերթին նման ողբերգական դեպքերի պատճառ են դառնում: Տեղի ունեցածը ոչ միայն վտանգավոր է, այլ նաեւ մտահոգիչ: Կցանկանայիք, որ մեր փոքր հանրապետությունում, որտեղ գործում է մեկ ազգային փոխադրող, չարձանագրվեն նման դեպքեր»,-ասվում է «Արմավիայի» հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, արդեն իսկ պարզվել է այն զոհված ուղեւորների ինքնությունը, ովքեր Վրաստանի քաղաքացի են: Նրանք բոլորը եղել են ՄԱԿ-ի առաքելության անձնակազմի անդամներ եւ Аirzena - Georgian Airways ավիաընկերության աշխատակիցներ: Զոհերի թվում են 22-ամյա օդաչու Դավիդ Ցուցկիրիձեն, անձնակազմի անդամ Գուրամ Կեպուլաձեն եւ տեխնիկ Ալբրտ Մանուկովը: Ճշտվում է նաեւ ավիավթարում զոհված Վրաստանի եւս մեկ քաղաքացու ինքնություն: Ենթադրվում է, որ նա եղել է անձնակազմի ղեկավար Ալեքսեյ Հովհաննիսյանը:





























