ԱՄՆ Հյուսիսային Կառոլինա նահանգի Սաութփորթ քաղաքի բնակիչը 13 տարի նույն թվերով վիճակախաղ է խաղացել եւ վերջապես շահել, հաղորդում է Lenta-ն՝ UPI-ի վրա հղումով:

Ուիլյամ Հոյնսը տեղի Tobacco Road Outlet խանութից գնել է Cash 5 վիճակախաղի տոմսը: Նա հերթական անգամ մասնակցել է խաղարկությանը՝ օգտագործելով իր սիրած թվերի հաջորդականությունը:

«Դրանք իմ երջանիկ թվերն են: Մի անգամ դրանք պարզապես միտքս եկան, եւ դրանից հետո ես դրանք մշտապես օգտագործում եմ»,- ասել է ամերիկացին:

Գնված տոմսը հաջողակ խաղացողին բերել է 323,8 հազար դոլար: «Ես չէի կարողանում հավատալ: Ինձ թվում էր՝ այդ ամենը ես հնարել եմ»,- հիշել է Հոյնսը:

Նա մտադիր է գումարը ծախսել ձկնորսական նավակի համար շարժիչ գնելու համար, իսկ մնացած գումարը պահել: «Ես սիրում եմ ձկնորսությունը: Ով գիտի՝ միգուցե շահումից հետո ձկնորսությունն իմ հիմնական գործունեությունը դառնա»,- ասել է նա: