Թերթը գրում է, որ «Քաղաքացիական զարգացման գործակալություն» ոչ կառավարական վրացական կազմակերպության անցկացրած հարցումներով, որ ամենայն մանրամասնությամբ տարածել են վրացական լրատվամիջոցները, իբր պարզվել է, թե Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլի եւ հայաբնակ Սամցխե-Ջավախեթի տարածաշրջաններում մեծամասնությունը գտնում է, որ «ազգային փոքրամասնությունները պաշտպանված են»:
Այն ժամանակ, երբ Վրաստանի հայերն իրենց հերթին, ադրբեջանցիներն էլ` իրենց, բարձրաձայնում են իրենց խնդիրների, կրթության ու դավանանքի առնչությամբ ունեցած բազմաթիվ հարցերի մասին, վրացական կազմակերպությունն իր հարցումներով «բացահայտում է», թե «հայաբնակ Սամցխե-Ջավախեթիի եւ ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիի բնակիչներից հարցման մասնակիցների 60,4 տոկոսը գտել է, որ փոքրամասնությունների իրավունքները Վրաստանում պաշտպանված են»:
2002թ. մարդահամարի տվյալներով, Սամցխե-Ջավախեթիի բնակչությունը կազմում է 207598 մարդ, որից 54,6 տոկոսը` հայեր, 43,4 տոկոսը` վրացիներ, 1,1 տոկոսը` ռուսներ, այլ էթնիկ ներկայացուցիչները կազմել են պակաս քան 1 տոկոս: Իսկ Քվեմո Քարթլիում ադրբեջանցիները կազմել են 45,1 տոկոս, վրացիները` 44,7, հայերը` 6,4, հույները` 1,5, ընդհանուր բնակչության 497 530 թվաքանակի դեպքում:
Անցյալ տարեվերջին նշված տարածաշրջաններում անցկացված հարցմանը, որի արդյունքները ներկայացվել են հանրությանը, մասնակցել է 500-ական բնակիչ երկու տարածաշրջաններից` ինչպես հայ եւ ադրբեջանցի, այնպես էլ վրացի: Ամեն դեպքում, ամեն ինչ այդքան միանշանակ ու պայծառ չէ, ինչպես փոքրամասնությունների «պաշտպանված» իրավունքների պարագայում: Ըստ հարցման, Քվեմո Քարթլիում միայն 3,5 տոկոսն է համարում, որ իր հայրենիքը Ադրբեջանն է, Ջավախքում այդ կարծիքին է հարցվածների ավելի քան 28 տոկոսը` իր հայրենիքը համարելով ոչ թե Վրաստանը, այլ Հայաստանը:
Այս ամենի կողքին, ըստ հարցման, Ջավախքում ոչ վրացի հարցվածների 26.6 տոկոսը, իսկ Քվեմո Քարթլիում` 30 տոկոսն է, որ չի տիրապետում վրացերենին, մինչդեռ 2009-ին այդ ցուցանիշը երկու տարածաշրջանում էլ նշվում էր որպես մոտ 42 տոկոս:





























