Սաուդյան Արաբիայի տարածքին երեքշաբթի գիշերը հութիների հասցրած բալիստիկ հրթիռային և անօդաչուների հարվածների հետևանքով առնվազն 13 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին, Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ, հայտնել է Եմենում գործող կոալիցիոն ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիքին։
Նրա խոսքով՝ հարվածների թիրախ են դարձել Խամիս Մուշայթ, Աբհա և Թաիֆ քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հարձակումների հետևանքով բնակիչները ստացել են թեթև ու միջին ծանրության վնասվածքներ, վնասվել է նաև յոթ բնակելի տուն և երկու ավտոմեքենա։
X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ Ալ-Մալիքին ընդգծել է, որ հութիների շարունակվող հարձակումները վկայում են հակամարտությունը սրելու, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտներին ու խաղաղ բնակչությանը հարվածելու նրանց մտադրության մասին։
«Կոալիցիայի միացյալ ուժերի հրամանատարությունը պատասխանատու և վճռական արձագանք է տալու այս հարձակումներին՝ պաշտպանելով թագավորության ինքնիշխանությունը, քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակիչներին այս սարսափելի հարձակումներից»։ Դա իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված ինքնապաշտպանության սկզբունքին համապատասխան ձևով, — հավելել է նա։





























