Եվրոպական ֆոնդային ինդեքսները երկուշաբթի օրվա աճուրդներում նվազել են․ բացառություն է կազմել միայն բրիտանական շուկան։
Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների համախառն Stoxx Europe 600 ինդեքսն օրվա ընթացքում նվազել է 0,5%-ով՝ հասնելով 635,99 նիշի։
Գերմանական DAX-ն ընկել է 0,5%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 0,8%-ով, իտալական FTSE MIB-ը՝ 1,7%-ով, իսկ իսպանական IBEX 35-ը՝ 1,4%-ով։ Միևնույն ժամանակ, բրիտանական FTSE 100-ն աճել է 0,4%-ով։
Բաժնետոմսերի շուկայի վրա ճնշում է գործադրում տեխնոլոգիական ոլորտի գնանշումների անկումը, որը պայմանավորված է արհեստական բանականության ոլորտում խոշոր ներդրումներ անող ընկերությունների հեռանկարների շուրջ մտահոգություններով։
Միևնույն ժամանակ, նավթի թանկացումը թուլացրել է համաշխարհային շուկաներում ռիսկի դիմելու պատրաստակամությունը։ Էներգակիրների թանկացումը մեծացնում է գնաճի արագացման շուրջ մտահոգությունները և ամրապնդում կենտրոնական բանկերի կողմից դրամավարկային քաղաքականության խստացման սպասումները։
Այս շաբաթ ներդրողները կգնահատեն օգոստոսին Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Եվրոպական Միությունում սպառողական գների դինամիկայի մասին հաշվետվությունները։ Հիմնական իրադարձությունները, սակայն, կլինեն Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) և Անգլիայի բանկի նիստերը, որոնց արդյունքները կհրապարակվեն համապատասխանաբար չորեքշաբթի և հինգշաբթի օրերին։
FedWatch գործիքի տվյալներով՝ ֆինանսական շուկաները սեպտեմբերյան նիստին ԴՊՀ հիմնական տոկոսադրույքի առնվազն 25 բազիսային կետով բարձրացման հավանականությունը գնահատում են մոտ 90%՝ մեկ շաբաթ առաջվա 60%-ի համեմատ։ Բրիտանական Կենտրոնական բանկը, ինչպես կանխատեսում են տնտեսագետների մեծ մասը, տոկոսադրույքը կթողնի անփոփոխ՝ տարեկան 3,75% մակարդակում։
Երկուշաբթի օրը բաժնետոմսերի գների զգալի անկում են գրանցել նաև կիսահաղորդչային ոլորտի ներկայացուցիչները՝ Soitec (-12,6%), ASM International (-8,6%), Infineon Technologies (-7,7%), BE Semiconductor Industries (-7%) և STMicroelectronics (-6,6%):
Հումքի էժանացման պատճառով զգալի կորուստներ են կրել նաև մետաղ արտադրող ընկերությունները, այդ թվում՝ Aurubis-ը (-5,4%), Antofagasta-ն (-5,4%), Fresnillo-ն (-3,4%), Anglo American-ը (-2,5%), Glencore-ը (-2,4%), BHP-ն (-3%), Endeavour Mining-ը (-2,2%) և Rio Tinto-ն (-2,3%)։
Stoxx 600 ինդեքսում ամենանշանակալի աճն արձանագրել են առողջապահության ոլորտում ծրագրային ապահովման և վերլուծական գործիքների հոլանդական մշակող Wolters Kluwer-ի բաժնետոմսերը՝ 6,8%-ով (մինչև 70,7 եվրո)։ TD Cowen-ի վերլուծաբանները դրանց շնորհել են «գնել» վարկանիշը՝ սահմանելով 100 եվրոյի թիրախային գին։
Capgemini-ի արժեթղթերը թանկացել են 6,6%-ով այն լուրերի ֆոնին, որ ՏՏ ծառայությունների ֆրանսիական մատակարարը պետական ոլորտի լուծումների մշակմամբ զբաղվող իր ստորաբաժանումը վաճառելու է ամերիկյան ITC Federal-ին։
Sage Group-ի բաժնետոմսերի գինն աճել է 5,3%-ով։ Հաշվապահական և ձեռնարկությունների կառավարման ծրագրային ապահովման բրիտանական մշակողը հայտարարել է 500 միլիոն եվրոյի պարտավորությունների հետգնման մասին, որոնց մարման ժամկետը 2028 թվականի փետրվարին է։
Ոգելից խմիչքների իտալական արտադրող Davide Campari-Milano-ի բաժնետոմսերն ավելացրել են իրենց արժեքը 5,5%-ով այն բանից հետո, երբ Morgan Stanley-ի վերլուծաբանները բարելավել են դրանց կանխատեսումը՝ «շուկայի մակարդակից» հասցնելով «շուկայից բարձր» աստիճանի։
Նավթային ոլորտի առաջատար ներկայացուցիչների արժեթղթերի գնանշումները նույնպես աճել են․ Shell-ինը՝ 0,9%-ով, BP Plc-ինը՝ 1,2%-ով, Equinor-ինը՝ 2%-ով, իսկ TotalEnergies-ինը՝ 1%-ով։





























