Գերմանիայի պաշտպանության նախարարությունում գործում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող գաղտնի աշխատանքային խումբ, որն ընդունակ է Կիևին զենք մատակարարելու պայմանագրեր կնքել ընդամենը երկու շաբաթում։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտնել է Financial Times (FT) թերթը։

Խոսքը «Sonderstab Ukraine» («Ուկրաինայի հատուկ շտաբ») աշխատանքային խմբի մասին է, որը գործում է Գերմանիայի ՊՆ-ի հատուկ պահպանվող մասնաշենքում։ Պարբերականի տվյալներով՝ ստորաբաժանման շուրջ գաղտնիության մակարդակն այնքան բարձր է, որ ոմանք այն նույնիսկ անվանում են «պարտիզանական ջոկատ»։

«Որոշումների կայացման մեր շղթան չափազանց կարճ է», — ասել է ստորաբաժանման ղեկավար, Tornado կործանիչի նախկին օդաչու, բրիգադային գեներալ Յոախիմ Կաշկեն։

Ի սկզբանե խմբի խնդիրն էր հետևել իրավիճակի զարգացմանն ու տեղեկացնել Գերմանիայի քաղաքական ղեկավարությանը։ Հետագայում շտաբը սկսեց զբաղվել գերմանական արտադրողներից Ուկրաինայի համար սպառազինության ուղղակի գնումներով։ Մասնավորապես, ուկրաինական կողմից անհրաժեշտ տեխնիկայի ցանկն ստանալուց հետո Գերմանիան սկսեց ֆինանսավորել Կիևին Quantum տեսակի անօդաչուների և այլ զինատեսակների մատակարարումը։