ՀԲՄ–ի նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն եւ հմտություններ» խորագրով միջոցառումների ծրագրի շրջանակներում, Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ, տեղի է ունեցել մրցանակների հանձնման արարողություն…
Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն եւ հմտություններ» խորագրով միջոցառումների ծրագրի շրջանակներում, Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ, այսօր՝ հոկտեմբերի 31–ին, տեղի է ունեցել մրցանակների հանձնման արարողություն: Այս մասին հայտնում են Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Հանդիսավոր արարողության բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն՝ ընդգծելով Խնայողությունների համաշխարհային օրվա առիթով կազմակերպվող տարաբնույթ միջոցառումների կարեւորությունները, ինչպես նաեւ տվյալ ասպարեզում հանրության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների անհրաժեշտությունը:
Հայաստանի բանկերի միության կողմից մրցանակներ են հանձնվել նախապես հայտարարված «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթում, գնահատող հանձնախբի որոշմամբ, հաղթող ճանաչված ուսանողներին եւ «Ապագայի բանկն՝ իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների մրցույթին լավագույն մասնակցություն ունեցած աշակերտին։
Հանդիսավոր միջոցառման շրջանակներում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանի կողմից մրցանակ է հանձնվել հիմնադրամի կողմից անցկացված ինֆոգրաֆիկ աշխատանքների «Խնայում եմ՝ հանուն...» թեմայով մրցույթում հաղթող աշակերտին։





























