Հայաստանում ընտանիք, լեզու, հավատ, կրթություն կատեգորիաները մնում են դոմինանտ, եւ իմ մոտ տպավորություն է, որ սուտի ժողովրդավարները, լիբերալիստները, գլոբալիստները առաջադրանք ունեն այդ ամենը վերացնել եւ հասարակությանը զոմբիացնելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

«Այսինքն ի՞նչ լեզու, ինչ սոցիալական խնդիրներ, պարզապես մարդ արարածը գրաստի պես թող ապրի, դրան կառավարելը հեշտ է»,-ասաց նա:

Անդրադառնալով 2020 թվականի բյուջեի նախագծին, Բոստանջյանն ասաց, որ այն կաշկանդված, խեղճուկրակ բյուջե է, հավելելով, որ թե եկամուտների կտրվածքով, թե հարկեր/ՀՆԱ հարաբերակցության տեսանկյունից, կապիտալ ծախսերի առումով առաջընթաց չի տեսնում:

Փոխարենը Բոստանջյանը մի ոլորտում առաջընթաց տեսնում է. «Երիտասարդ մարդիկ, որ դեռ չեն հասցրել որեւէ մասնագիտության մեջ խորանալու, երկրներ տեսնելու, ոչ իրենց հաշվի հաճույքներ ստանալու առումով համապատասխան ծախսումներ իրականացնում են բյուջեից»: