Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ մարդկանց հավատը գերբնական երեւույթների, այդ թվում սատանայի ու չար ուժի հանդեպ, կապված է վարակիչ հիվանդությունների տարածման հետ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Science Alert-ին։

Համաճարակները, ներառյալ ժանտախտի եւ գլոբալ այլ աղետների բռնկումները, նպաստել են բարոյական վիտալիզմի՝ այն համոզմունքի տարածմանը, թե մարդու առողջությունը կախված է բարի եւ չար ուժերից։ Միեւնույն ժամանակ, նման համոզմունքներ ունեցող մարդու վարքն իսկապես նվազեցնում է հիվանդանալու ռիսկը, ամրապնդում իմունիտետը՝ դրանով իսկ սնելով այդ նույն համոզմունքները, հավաստիացնում են հետազոտողները։

Այս ենթադրությունն ապացուցելու համար հետազոտողները վերլուծել են «սատանային հավատալու մասին» տվյալները, որոնք հավաքվել են 3 տասնյակ երկրների մի քանի հազար ուսանողների շրջանում: Վերլուծությունը ցույց է տվել, որ գոյություն ունի բավականին սերտ կապ «չար ոգիների» հանդեպ հավատի եւ վարքագծի միջեւ, որն օգնում է պաշտպանվել վարակիչ հիվանդություններից: Գիտնականների կարծիքով՝ ամեն ինչ ցույց է տալիս, որ ժողովրդական սնահավատությունները ինչ-որ ժամանակ իսկապես եղել են ախտածիններից պաշտպանվելու գործուն գործիք:

Ավելի վաղ Ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ռուսական ազգային ակադեմիայի տեսական բանահյուսության գիտահետազոտական լաբորատորիայի աշխատակից Օլգա Խրիստոֆորովան պարզաբանել է, թե ինչու է ժամանակակից մարդը մինչեւ հիմա դեւերից վախենում:

Նրա խոսքով՝ երբ մարդը հասկանում է, թե ինչ է կատարվում իր մարմնի եւ հոգեվիճակի հետ, փորձում է դա բացատրել չար ոգիով, որը բնակություն է հաստատում իր մեջ եւ տառապանքներ պատճառում: