Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը բավական թեժ է դիմավորելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սփյուռքի կարծիքը լսելու համար Սերժ Սարգսյանը համահայկական ուղեւորություն է նախաձեռնել 5 խոշոր քաղաքներով, որոնցից մեկն էլ Բեյրութն է:
Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ ըստ պաշտոնական լրահոսի՝ Բեյրութը համահայկական ուղեւորության նախավերջին հանգրվանն է: "Մինչ այդ արդեն չորեքշաբթի օրը Դաշնակցության կողմից հանրահավաք է հրավիրված Բուրջ-Համուդ հրապարակի վրա: Հանրահավաքի թեման է «Մերժել թրքական նախապայմանները»,- նշեց Քանդահարյանը եւ հայտնեց, որ ավանդական կուսակցությունների Լիբանանում գործող կառույցները հայտարարություն են տարածել՝ իրենց մտահոգությունները հայտնելով նախապայմանների կապակցությամբ: Ըստ Քանդահարյանի՝ լիբանանահայերը երեք հարցերի վերաբերյալ մտահգություններ ունեն:
ա) ցեղասպանության քննարկման առարկա դառնալը պատմական հանձնաժողովում:
բ) Թուրքիայի տարածքային ամբողջականության եւ երկկողմ պայմանագրերի ճանաչումը, այդ թվում՝ Ղարսի պայմանագիրը:
գ) Արձանագրություններում այլ պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման դրույթը, փաստը, մանավանդ, որ այնտեղ նշված չէ ազգերի ինքնորոշման սկզբունքը:
«Ազդակի» խմբագիրը NEWS.am-ին նաեւ հայտնեց, որ Սերժ Սարգսյանի այցի կապակցությամբ նախատեսված են ասուլիսներ, կլոր սեղաններ: «Բավական թեժ քննարկում է լինելու»,- նշեց Քանդահարյանը:




























